Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը չի կարողանա մասնակցել ԵՄ Բրյուսելի գագաթաժողովին աչքերի վիրահատության պատճառով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմոս Կեդիկոգլուին:
Ինչպես հստակեցնում է Associated Press-ը, վարչապետը, որին ախտորոշել էին ցանցաթաղանթի շերտազատում, հունիսի 23-ին վիրահատության է ենթարկվել: Սամարասի վիրաբույժը նրան «խստորեն արգելել է» ճանապարհորդել: 61-ամյա Սամարասին հիվանդանոցից դուրս կգրեն հունիսի 25-ին, սակայն վերականգնման համար կպահանջվեն «օրեր ու շաբաթներ»:
Գագաթաժողովին չի մասնակցի նաև Սամարասի կողմից նշանակված ֆինանսների նախարար Վասիլիս Ռապանոսը, քանի որ նա դեռ չի ստանձնել պաշտոնը: Հունիսի 22-ին Ռապանոսին երդման արարողությունից առաջ հոսպիտալացրել են որովայնում ցավերի պատճառով: Նա դեռևս հիվանդանոցում է:
Այսպիսով` հունիսի 28-29-ը տեղի ունենալիք գագաթաժողովի ժամանակ Հունաստանը կներկայացնեն ԱԳ նախարար Սիմիտրիս Ավրամապուլոսը և ֆինանսների գործող նախարար Յորգոս Զաննիասը:
Հունիսի 25-ին Սամարասը և Ռապանոսը պետք է բանակցություններ սկսեին Հունաստանին 130 միլիոն եվրո վարկ տրամադրելու պայմանների շուրջ: Եվրամիությունը Հունաստանից պահանջում է ծախսերի հերթական կրճատում, սակայն Սամարասը խոստացել է, որ կհասնի պայմանների վերանայմանը:








































