Լոռու մարզի` հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ, «Արան» հասարակական կազմակերպության ղեկավար Սերգեյ Նազարյանն ասում է, որ բազմիցս ահազանգել ու զգուշացրել են, որ «Վանաձորյան խճանկար» թերթում սայլակների վաճառքի հայտարարություններ են կարդացել: «Սայլակ ստացողը կարիքավոր մարդ է, եթե այդ սայլակը պետք չէ նրան, մի՛ վաճառեք:
Կազմակերպությունն այդ սայլակները կարող տրամադրել հաշմանդամության երկրորդ խմբի այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն, քանի որ պետությունը սայլակ տրամադրում է միայն առաջին խմբի հաշմանդամներին»,- ասում է ՀԿ ղեկավարը:
Ս. Նազարյանը հասկանում է սայլակ վաճառելու պատճառները. հաշմանդամների հանդեպ պետության վերաբերմունքն ու հոգածությունը բավարար չէ. «Նվազագույն կենսաթոշակ եմ ստանում, հաճախ բողոքում են, որ պետության կողմից տրամադրված դեղորայքը չի մեղմացնում ցավերը, իսկ որակյալ հաբերը շատ թանկ են»:
Այնուամենայնիվ, ՀԿ ղեկավարը հորդորում է` աջակցության կարիք ունենալու դեպքում դիմել «Արան» ԲՀԿ, բայց բարեգործությամբ կամ պետությունից ստացած սայլակները վաճառքի չհանել:










































