«Հարսնաքարում» տեղի ունեցածի պատճառն այն է, որ գիտեն՝ իրենց դեմ խաղ չկա: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:
Նա նշեց, որ ամենամտահոգիչը երկրում անպատժելիության մթնոլորտն է: «Մտահոգիչ է նաև այն, որ « Հարսնաքարում» տեղի ունեցածից երկու օր անց գալիս են և էլի անօրինական քայլերով Վարդգես Գասպարիին են տապալում գետնին, մեկ այլ օլիգարխ պատգամավոր գալիս է պաստառ է խլում և իր անվտանգության աշխատակիցը նրան տապալում է գետնին: Այսինքն՝ սա իրենք անում են, որովհետև գիտեն, որ երկրում ամենաթողություն է և անպատժելիություն է, իրենց դեմ խաղ չկա: Իրենք ունեն ֆինանս, իշխանավոր են, այն հոգեբանությունն է, որ կարող են անել և չպատժվել, որն էլ վտանգավորն է»,- մեկնաբանեց Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ դատապարտելը որևէ ձևով չի անդրադառնում Վահե Ավետյանի առողջական վիճակի վրա, բայց այս կերպ ցանկություն կա կանխել հետագայում նման դեպքերը: Նրա խոսքով՝ այս դեպքից հետո ցանկացած քաղաքացի, լինի դա օլիգարխ, թե նրա աշխատակից, պետք է իմանա, որ իր արարքի համար պատասխանատվություն է կրելու անկախ նրանից՝ ով է ինքը և ինչ դիրք է զբաղեցնում հասարակությունում, իշխանությունում:
Հարցին՝ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունը կարո՞ղ է հասնել դրան, պատասխանեց, որ նախաձեռնությունը դեռևս այն փուլում չէ, որ ամեն ինչի կարողանա հասնել, սակայն կան նախադրյալներ, որ այս նախաձեռնությունը կարող է որոշ արդյունքների հասնել՝ ներառյալ նաև հասարակության անտարբերության վերացումը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել մի քանի այցելուների, որոնց առողջական վիճակն այսօր ծանր է գնահատվում:












































