Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երեկ գիշեր պաշտոնական այցով ժամանել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս, ուր նրան ընդունել է նախագահ Ուգո Չավեսը:
Հանդիպման ժամանակ Ահմադինեժադը հայտարարել է. «Լատինական Ամերիկան ծածկած հեղափոխական ալիքը չի թուլանա այնքան ժամանակ, մինչև ամբողջովին վերջ չտրվի համաշխարհային իմպերիալիզմին: Իրանի ժողովուրդը հպարտ է այդ պայքարում մեծ ավանդ ունեցող Վենեսուելայի ազատասեր ժողովրդի հետ բարեկամություն անելու կապակցությամբ:
Վենեսուելայի ժողովուրդը ձգտում է արմատախիլ անել իմպերիալիզմի բոլոր երևույթները, որ միտված են լատինաամերիկյան երկրների արդարացի կարգերի տապալմանն ու թալանմանը: Չնայած մեր երկու երկրների միջև վիթխարի հեռավորությանը, ոչինչ չի կարող խաթարել մեր բարեկամությունը, համագործակցությունն ու միասնականությունը ընդհանուր թշնամիների դեմ պայքարում»:
Ուգո Չավեսն իր հերթին նկատել է, որ հանձինս Իրանի նախագահի՝ ողջունում է վենեսուելացիների համար եղբայրական Իրանի ժողովրդի հերոսական քայլերը, իսլամական հերոսական հեղափոխությունը, որը վենեսուելական հեղափոխության քույրն է:
Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են փոխադարձ բազմակողմ համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը և քննարկել են տարածաշրջանային ու միջազգային իրավիճակը:
Նշվում է, որ սա Ահմադինեժադի 6-րդ վենեսուելական այցն է:








































