Լատինամերիկյան մի շարք երկրների ղեկավարներ հայտարարել են, որ Պարագվայի խորհրդարանի այն որոշումը, որով անվստահություն է հայտնվել երկրի նախագահին, ոչ այլ ինչ է, քան պետական հեղաշրջում։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ասել է, որ չի ճանաչում Պարագվայի նոր կառավարությանը, իսկ Էկվադորի նախագահը պետական հեղաշրջում է անվանել Պարագվայում փոխնախագահ Ֆեդերիկո Ֆրանկոյի իշխանության գալը՝ ասելով, որ նույնպես չի ճանաչի նոր կառավարությանը։ Նույնի մասին հայտարարել է նաև Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը։ Իսկ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն առաջարկել է զրկել Պարագվային միջազգային կազմակերպություններում նրա անդամակցությունից, այդ թվում՝ Հարավամերիկյան ազգերի միությունում։
Հիշեցնենք, որ երկու օրվա ընթացքում Լուգոյի պաշտոնանկության օգտին քվեարկել են Պարագվայի խորհրդարանի երկու պալատները։










































