«Հանրապետականը նախօրեին կայացած գործադիր մարմնի նիստում Գեղարքունիքի մարզպետի հարցը չէր քննարկել: Ինչպես տեղեկացրել էինք, հանրապետականները պնդում էին, թե Գեղարքունիքի մարզպետի հարցը որոշված է, և մարզպետ է նշանակվելու ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Վերջինս, սակայն, ինչպես մեզ հաջողվեց ճշտել նույն աղբյուրներից, հրաժարվել է այդ պաշտոնից: Գրիգորյանի առջև լուրջ պայմաններ են դրել՝ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի համար շատ բարձր տոկոսով ձայներ ապահովել: Գրիգորյանը, սակայն, վստահ չի, որ կարող է Սերժ Սարգսյանի համար ցանկալի արդյունք ապահովել: Հանրապետական կուսակցությունն այժմ մարզպետի փնտրտուքների մեջ է:
Ի դեպ, ՀՀԿ-ականները դեռ 1-2 շաբաթ առաջ վստահեցնում էին նաև, թե Վայոց Ձորի մարզպետ է նշանակվելու Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետը: Այս նշանակումը, սակայն, չի կայացել նույն պատճառներով: Երեկ վարչապետը Վայոց Ձորի մարզպետ է նշանակել ՀՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար էդգար Ղազարյանին»:











































