Մոսկվայի միջազգային 34-րդ կինոփառատոնում այս տարի հայկական կինոն կունենա պատշաճ ներկայություն: Հունիսի 21-ից մեկնարկած կարևոր այս փառատոնի «Հեռանկարներ» մրցութային ծրագրում ընդգրկված է ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսերներ Միքայել Պողոսյանի և Թերեզա Վարժապետյանի «Եթե բոլորը…» ֆիլմը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Մոսկովյան փառատոնի շրջանակներում անցակացվող Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերերի (EAVE) համատեղ արտադրության ֆորումում կներկայացվեն հայկական մի քանի նախագծեր, այդ թվում` Եվրոպական լավագույն կինոնախագծերի BEST մրցույթում ընդգրկված ռեժիսոր/պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի, սցենարիստներ Մարինե Զաքարյանի և Հովհաննես Գալստյանի «Լուսավոր շրջան» (Հայաստան, Նորվեգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ) կինոնախագիծը:
Համատեղ արտադրության ֆորումում ընտրված 23 նախագծերի մեջ են նաև «Կորած թռչուններ» ֆիլմը ( արտադրողներ` «Kara Kedi Film» Թուրքիա, «Պարալլելս Ֆիլմ»` Հայաստան, թուրքական կողմի ռեժիսորն ու պրոդյուսերն են Արեն Պերդեցին և Էլա Ալյամաչը, իսկ հայկականից` Հովհաննես Գալստյանը) և «Բարս մեդիա» ընկերության «Ձգված լարի վրա» ֆիլմը, որի ռեժիսորն է Լևոն Մինասյանը, իսկ պրոդյուսերը` Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ներկայացված բոլոր նախագծերը միջազգային համատեղ արտադրության աշխատանքներ են և իրականացվում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:Բացի այս, Մոսկվայում ռեժիսոր Հովհաննես Գալստյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրինության հանձնարարությամբ հանդիպումներ կունենա «Ռուսսիկո» ընկերության պատասխանատուների հետ` քննարկելու, դեռևս Կաննում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, ֆիլմերի փոխանակման, դիստրիբուցիայի և վերկանգնման հարցերը:
Փառատոնի փակումը տեղի կունենա հունիսի 30-ին:








































