Facebook սոցիալական ցանցը 103 մլն դոլար եկամուտ կկորցնի։ Օգտատերերը շահել են «Հովանավորված պատմությունների» գործով դատը։ Դատարանը պարտավորեցրել է ընկերությանը փոփոխություններ կատարել շահութաբեր՝ «Հովանավորված պատմություններ» գովազդային հատվածում։
Որպես դատական գործի հանգուցալուծում՝ ընկերությունը համաձայնել է թույլ տալ իր օգտատերերին վերահսկողություն սահմանել գովազդում օգտագործվող իրենց անձնական տվյալների վրա։ Ըստ այդմ՝ օգտատերերը կարող են որոշել, թե իրենց անձնական տվյալներից որը կարող է օգտագործվել գովազդում և որը՝ ոչ։
Դատական հայցի հեղինակները 5 օգտատերեր են, ովքեր հայտնել են, որ սոցցանցը խախտել է անձնական տվյալների պաշտպանության մասին կալիֆոռնիական օրենքը՝ հրապարակելով տվյալ ծառայությանը կամ ապրանքանիշին օգտատերերի ուղղած like-երը՝ առանց իրենց վճարելու։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Facebook –ը հանձն է առել փոփոխություններն իրականացնել առաջիկա երկու տարում։
Ընկերությունը հայցվորների իրավաբանական վճարների համար 10 միլիոն դոլար կվճարի։
Երեկ բորսային շուկայում Facebook-ի բաժնետոմսերի գինը կազմել է 31.84 դոլար:









































