Քիչ առաջ Երևանի կենտրոնական քննչական վարչության շենքի հարևանությամբ մեկնարկեց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության ակցիան:
Ակցիայի մասնակից քաղաքական, մշակութային գործիչները, քաղաքագետները, լրագրողները և պարզապես քաղաքացիները միահամուռ իրենց մտահոգությունն են հայտնում հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը ակցիան տեղի է ունենում քննչական վարչության շենքի մոտ, քանի որ ակցիայի մասնակիցների` արդար դատաքննություն անցկացնելու պահանջն ուղղված է հենց այս կառույցին: Նրա խոսքով` անկախ քաղաքական կողմնորոշումից մարդիկ հավաքվել և փորձում են պայքարել երկրում տիրող ամենաթողության դեմ, որն այլևս անտանելի է:
Այս պահին մոտ 50 քաղաքացիներ Երևանի Կենտրոնական քննչական վարչության շենքի առջև իրենց պահանջն են ներկայացնում` վանկարկելով արդար դատաքննություն: Ակցիային միացած քաղաքացիները իրենց մտահոգությունն են հայտնում և հույս չունեն, որ օլիգարխների թիկնազորի անդամները մի օր կդադարեցնեն իրենց չարագործությունը:









































