Ջիմ Քերին հրաժարվել է մասնակցել «Բութը և ավելի բութը» ֆիլմի շարունակության նկարահանումներին։ Այս մասին հաղորդում է Entertainment Tonight-ը։
Ըստ տեղեկությունների՝ դերասանը նման որոշում է ընդունել, քանի որ կարծում է, թե New Line Cinema և Warner Bros. ընկերությունները ֆիլմի շարունակությանը մեծ ոգևորությամբ չեն մոտենում։
«Բութը և ավելի բութը» կատակերգությունը վարձույթ էր դուրս եկել 1994 թվականին։ Ֆիլմի գլխավոր հերոսներին՝ ընկերներ Լլոյդին ու Գարիին մարմնավորել են Ջիմ Քերին և Ջեֆ Դենիելսը։ 17 մլն դոլար բյուջեով ֆիլմը վարձույթում հավաքել է ավելի քան 247 մլն դոլար։
2011 թվականի աշնանը Փիթեր և Բոբի Ֆարելլիները հայտարարել էին այն մասին, որ պատրաստ են սկսել ֆիլմի շարունակության աշխատաքները։
Եղբայրները հույս ունեին, որ կկարողանան նախագծում ներառել Քերիին և Դենիելսին։ 2012-ի գարնանը նրանք նույնիսկ վստահություն էին հայտնել առ այն, որ երկու դերասաններն էլ կնկարահանվեն նոր ֆիլմում։ Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն 2012-ի սեպտեմբերին։ Դեռևս հայտնի չէ, թե ինչպես կանդրադառնա Քերիի մերժումը նախագծի վրա։









































