Մեկնարկեց «Եվրո-2012»-ի փլեյ-օֆֆ փուլը:
Կիսաեզրափակիչում հայտնվելու համար առաջինը պայքարի մեջ մտան Պորտուգալիայի և Չեխիայի հավաքականները: Չեխերն ամենևին էլ զոհի կարգավիճակ չունեին ահեղ մրցակցի առաջ և հանդիպման մեկնարկում ավելի ակտիվ էին ու տիրում էին նախաձեռնությանը: Սովորականի պես ակտիվ էին Պիլարն ու Յիրաչեկը, սակայն լուրջ գոլային պահեր ոչ´ Չեխի, ոչ´ Պատրիսիուի պաշտպանած դարպասների մոտ չէին ստեղծվում:
26-րդ րոպեին իր առաջին անցումը կատարեց Գեբրե Սելասին և առաջին վտանգավոր պահը ստեղծվեց պորտուգալացիների դարպասի մոտ. Պեպեն մեծ դժվարությամբ ետ մղեց գնդակը: Չեխեին 5 րոպե անց պատասխանեց Քրիշտիանու Ռոնալդուն, ով կարող էր հիասքանչ գոլի հեղինակ դառնալ շրջադարձ հարվածով, բայց այն փոքր-ինչ շեղ ստացվեց:
Առաջին խաղակեսը կարող ավարտվել պորտուգալացիների առավելության պայմաններում, սակայն 45-րդ րոպեին Ռոնալդուի հարվածից հետո Չեխին օգնեց ուղղահայաց դարպասաձողը:
Երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի` ամբողջովին այլ հավաքական: 50-րդ րոպեին Ռոնալդուի` տուգանայինից կատարած հարվածից հետո Պետր Չեխին կրկին օգնության հասավ դարպասաձողը: «Չելսի»-ի դարպասապահը մեծ ծանրաբեռնվածությամբ էր գործում: 58-րդ րոպեին վտանգավոր էր Նանիի հեռահար հարվածը. Չեխը տեղում էր: 60-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ուգու Ալմեյդան, բայց մրցավար Հոուարդ Ուեբն արդարացիորեն նշանակեց խաղից դուրս վիճակ:
Ի վերջո 79-րդ րոպեին Մադրիդի «Ռեալ»-ի առաջատարը կարողացավ դառնալ գոլի հեղինակ` աջ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով խփելով այդ հանդիպման առաջին ու միակ գոլը` կիսաեզրափակչի ուղեգիր պարգևելով Պորտուգալիայի հավաքականին և ընթացիկ մրցաշարում խփելով իր 3-րդ գոլը:
Այսպիսով` Պորտուգալիայի հավաքականը կիսաեզրափակիչում է և կպայքարի Իսպանիա – Ֆրանսիա մրցավեճի հաղթողի հետ:








































