Կառավարությունը չի փորձել վերլուծել նախորդ հինգ տարիների արդյունքները: Ինչպես այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, վիճակը չի լավացել, հակառակը` վատացել է:
«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է, որ անկում թույլ տված կառավարությունը հրաժարական չի տալիս»,- ասաց Հ. Բագրատյանը` նշելով, որ նախկինում անկում գրանցած վարչապետները հրաժարական են տվել, իսկ նախորդների համեմատ ներկա կառավարությունն ավելի վատ վիճակում է գտնվում և կառչում է աթոռներից:
Հ. Բագրատյանի կարծիքով՝ զգալիորեն թուլացել է նաև երկրի արտաքին վարկը, տարբեր ինդեքսներով նահանջ ենք ապրել: Ըստ նրա` ամբողջ ծրագիրը երկարաշունչ հայտարարությունների հեղեղ է և չի կարող հավակնել առաջիկա տարիների երկրի ուղեգծային փաստաթղթի: Պատգամավորը կոչ արեց դեմ քվեարկել և ձեռնամուխ լինել իրական ծրագրի մշակմանը:
Հ. Բագրատյանին հակադարձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը` նշելով, որ ինքը նախկին վարչապետ է, բայց հրաժարական է տվել ոչ թե տնտեսական անկման, այլ Հ. Բագրատյանի հետ ունեցած գաղափարական անհամաձայնությունների պատճառով:










































