Աֆղանստանը հույս ունի 2014թ. ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո տնտեսության զարգացման համար ստանալ 4 մլրդ դոլար: Համապատասխան որոշում պետք է ընդունվի Աֆղանստնին օգնություն տրամադրելու համար անցկացվելիք համաժողովում, որը տեղի կունենա այս տարվա հուլիսին Ճապոնիայում: Այս մասին ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը:
«Այդպիսի գումար՝ մի փոքր ավելի կամ պակաս, կտրամադրվի Տոկիոյի կոնֆերանսում աֆղանական տնտեսության վերականգնման համար»,- ասել է Կարզայը խորհրդարանի նիստին՝ ընդգծելով, որ Աֆղանստանն այդ միջոցները կստանա ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո:
Տոկիոյի կոնֆերանսին հրավիրված են 50 երկրի ներկայացուցիչներ: Ենթադրվում է, որ կոնֆերանսին կհստակեցվի Աֆղանստանի կայուն զարգացմանն ուղղված օգնության ցուցաբերման ռազմավարությունը:









































