ԱԺ երրորդ հարկի նախասրահում Աժ նախկին նախագահների նկարներն ավելացել են ևս մեկով` երեկվանից փակցվել է Սամվել Նիկոյանի լուսանկարը: «ժողովուրդ»-ի աղբյուրների պատմելով՝ Նիկոյանը, երբ նոր էր դարձել Աժ Նախագահ, տեսնելով այս լուսանկարները, ասել Էր. «Ո՞վ կմտածեր, որ մի օր իմ նկարն էլ կլինի այս շարքում»:
Ի դեպ, Սամվել Նիկոյանը երեկ Աժ դահլիճում շատ կարճ ժամանակ անցկացրեց. վարչապետի ելույթից հետո նա արագ լքեց դահլիճն ու ողջ օրվա ընթացքում չվերադարձավ: Այդպես վարվեց նաև ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: Իսկ ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանը վարչապետի ելույթից հետո դուրս եկավ ու մի փոքր ժամանակ անցկացնելով գեներալ Մանվել Գրիգորյանի սենյակում` հեռացավ: Մինչդեռ Աժ դահլիճը երեկ բավական մարդաշատ էր: Նախարարներից մեկը նույնիսկ ասաց, թե «պիտի բոլորս նստենք, խոսակցություն կգա»: Պատգամավորները եւս հատուկ հրահանգ էին ստացել դահլիճում նստելու: Ի դեպ, երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, Աժ էր եկել նաև վերջին օրերի մամուլի հերոսը՝ Նեմեց Ռուբո մականունով հայտնի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որի թիկնապահները վերջերս ծեծել Էին ՊՆ հինգ աշխատակցի: Նեմեց Ռուբոն չմտավ խորհրդարանի դահլիճ, այլ Աժ-ում փնտրում էր իր ընկերոջը՝ Լֆիկ Սամո մականունով հայտնի Սամվել Ալեքսանյանին»:











































