Քիշնևում կայացած ԱՊՀ և բալթյան երկրների, Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային համաժողովին, որն անցկացվել է այս տարի՝ հունիսի 6-ից 13-ը, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ մասնակցել են երիտասարդ բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանը, թատերագետ Ռուզաննա Առաքելյանը և այլք։
Բեմադրիչ Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը հայտնվեց պատվավոր՝ երրորդ հորիզոնականում և արժանացավ հանդիսատեսի ու ժյուրիի բարձր գնահատականին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նարինե Գրիգորյանն ասաց՝ վախ կար, որ ներկայացումը չի հասկացվի, քանի որ ներկայացվել է հայերենով, սակայն դահլիճում անգամ արցունքներ են նկատել, և ներկայացման վերջում այն արժանացել է հոտնկայս ծափահարությունների։
Նարինե Գրիգորյանը ստացել է նաև հրավերներ՝ մասնակցելու Ուկրաինայի և Վրաստանի միջազգային թատերական փառատոներին:









































