Կառավարության ներկայացրած ծրագրում բազմաթիվ մշուշոտ ու անորոշ կետեր կան. այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետն ասաց. «Դուք ունեիք այդ հնարավորությունը՝ օգնելու մեզ հստակություն մտցնել ծրագրում: Համաձայն եմ, որ անորոշ պահեր ծրագրում կան, բայց նաև ակնկալում էինք, որ կհամագործակցեիք մեզ հետ՝ վերացնելու դրանում առկա ոչ այնքան հստակ դրույթները»:
Արմեն Ռուստամյանն իր հերթին նկատեց, որ կառավարության ներկայացրած ծրագրում անորոշությունն ու մշուշն այնքան շատ են, որ ՀՅԴ-ն այսքան ժամանակ այդպես էլ չկարողացավ իր ելույթներով ցրել դրանք: «Արտաքին ռիսկերը բավական մեծ են լինելու»,- ավարտեց նա:
ՀՅԴ մեկ այլ պատգամավոր՝ Արծվիկ Մինասյանն էլ նկատեց, թե ինչ մեթոդներ են պետք կիրառել տնտեսության մեջ մրցակցային արդար պայմաններ ներառելու համար՝ խուսափելով մենաշնորհներից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «ԱԺ-ն օրենսդրություն է ընդունել բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու մասին: Այդ նպատակով է ստեղծվել էթիկայի հանձնաժողովը, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաներն աշխատեն թափանցիկ ու հանրությանը հնարավորություն տան վերահսկելու իրենց»:









































