Այսօր՝ հունիսի 20–ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com–ին հայտնել է, որ ժամը 8.30-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 24-ամյա Վալերիկ Հովհաննիսյանը, վարելով «ՎԱԶ 2108» մակնիշի 31 ՍՏ 042 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Մեղրի ավտոճանապարհի 131–րդ կմ հատվածում ճանապարհի ձախ մասից դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել սարալանջի թմբին և գլխիվայր շրջվել։ Վթարից հետո վարորդը և ուղևորներ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 24–ամյա Տիգրան Մխիթարյանը, 24–ամյա Վահե Դանիելյանը, 34-ամյա Էդգար Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժկական կենտրոն։
Գագիկ Շամշյանը հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Է. Հովհաննիսյանը մահացել է։
Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մահացածն ու վիրավորները Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներ են։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 6–րդ վաշտի 1–ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Տեղում են եղել նաև ՀՀ ՊՆ Եղեգնաձորի կայազորային 8-րդ քննչական բաժնի քննիչները։
Փաստի առթիվ Եղեգնաձորի կայազորային 8–րդ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում









































