Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն ամփոփել է իր թիմի` Ուկրաինայի ընտրանու հետ հանդիպման արդյունքները: Անգլիացիների նվազագույն հաշվով տարած հաղթանակը թույլ տվեց նրանց D խմբում զբաղեցնել առաջին տեղը:
«Ուկրաինայի հավաքականի հետ խաղը շատ բարդ էր, և ես երջանիկ եմ, որ մեզ հաջողվեց քառորդ եզրափակիչ անցնել: Մեր թիմի 4 հազար երկրպագուներն ամեն կերպ աջակցում էին մեզ:
Ընդհանուր առմամբ, հանդիպումը հիանալի անցկացրինք: Ուկրաինան ջանք չէր խնայում և ճնշում էր գործադրում: Բայց Թերին լավ էր խաղում պաշտպանությունում: Իսկ Ռունին կազմակերպված խաղ ցուցադրեց: Դուք գիտեք, թե ինչի է նա ընդունակ:
Մրցաշարի մեկնարկից առաջ բազմաթիվ բացասական կարծիքներ էին հնչում` հասցեագրված Ուկրաինային: Այդպես հաճախ է լինում: Սակայն ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: Մենք շատ գոհ ենք. շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում «Եվրո-2012»-ի կազմակերպիչներին»,- նշել է Հոջսոնը խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ:










































