Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ներգրավումը հիմնականում կապված է բիզնես միջավայրի ներկայիս իրավիճակի հետ: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի գործադիր տնօրեն Դիանա Գազիյանը, ամերիկյան ընկերություններն ակտիվություն չեն ցուցաբերում մեր երկրում. «Չեմ կարող ասել, որ վերջին տարվա ընթացքում շատ ընկերություններ են մեզ դիմել կամ համագործակցել ենք նոր ներդրողների հետ: Աշխատում ենք նույն ներդրողների հետ»: Դ.Գազիյանի խոսքով՝ կապիտալի արտահոսքի մասին լսել են, բայց պալատում դեռևս դեպքեր չեն արձանագրվել:
Հարցին՝ ի՞նչն է խոչընդոտում, որ ամերիկյան ներդրողները հետաքրքրվեն և ՀՀ-ում բիզնես սկսեն, Դ. Գազիյանը պատասխանեց. «Կան խնդիրներ, վերջին տարիներին իհարկե առաջընթաց նույնպես արձանագրվել է, բարեփոխումներ եղել են, սակայն մրցակցային միջավայրը դեռևս պետք է բարեփոխվի: Երբ տարբեր ընկերություններ նույն կանոններով կխաղան՝ բոլորի համար կանոնները նույնը կլինեն, այդ ժամանակ թե՛ ամերիկյան, թե՛ այլ կապիտալի հոսք կարձանագրվի Հայաստանում»:








































