System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանը խոսելով իր նոր սոլո ալբոմի` Harakiri-ի մասին` Guitar World-ին ասել է` երբեմն ավելի լավ է ունենալ բռնապետ, քան հիմար ժողովրդավարություն: Նա նկատի է ունեցել այն, որ բարելավված կրթության կարիք կա, որը, ըստ նրա, անհրաժեշտ է փոփոխություններ կատարելու համար: Երաժիշտը, սակայն, հավելել է`ասելով, որ ցանկացած դեպքում ինքը կկանգներ ժողովրդավարության կողքին, եթե նույնիսկ դա անկիրթ ժողովրդավարություն է:
2010 թվականի իր Imperfect Harmonies սոլո ալբոմից հետո աշխարհում շատ բան է տեղի ունեցել: Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում «Արաբական գարունը» մեծապես փոխեց կառավարությունների կազմը, իսկ ԱՄՆ-ում Occupy շարժման մեջ ներգրավվեցին բոլոր տարիքի մարդիկ:
Լսելով Occupied Tears և Uneducated Democracy երգերը` հասկանալի է դառնում, որ Թանկյանի նոր ալբոմը բոլոր նրանց համար է, ովքեր ողջ աշխարհում պայքարել են հանուն ազատության, սակայն եթե Թանկյանին հարցնենք, կասի. «Harakiri-ն թռչունների համար է»:







































