Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովից հետո, որը երեկ ավարտվել է մեքսիկական Լոս Քաբոսում, անդրադարձել է Սիրիայի խնդրին և վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցի շուրջ։ Նա ասել է, որ Սիրիայի ընդդիմությունն ամենևին էլ չի ներկայացնում այդ երկրի ժողովրդի շահերը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Այո, մենք գիտենք, որ Սիրիայի ժողովրդի մի հատվածը, որը ներկայանում է զինված ընդդիմության տեսքով, ցանկանում է, որպեսզի Բաշար Ալ-Ասադը հեռանա։ Սակայն դա դեռ ողջ սիրիական ժողովուրդը չէ»,- ասել է Պուտինը։ Նա շեշտել է, որ հակամարտող կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ․ «Անհրաժեշտ է հասնել նրան, որպեսզի հակամարտող բոլոր կողմերը դադարեցնեն արյունահեղությունը, նստեն բանակցությունների սեղանի շուրջ և նախապես պայմանավորվեն, թե ինչպես է գոյատևելու սիրիական հասարակությունն ապագայում»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի կարծիքով՝ Սիրիայում իշխանափոխություն կարող է լինել միայն սահմանադրական ճանապարհով։ Պուտինն ասել է, որ միայն այս դեպքում իշխանափոխությունից հետո երկրում կհաստատվի խաղաղություն։










































