Եգիպտոսի շրջանային դատարանը երեքշաբթի կուսումնասիրի «Մուսուլման եղբայր» շարժումը լուծարելու, կազմակերպության բոլոր գրասենյակները փակելու և նրա ֆինանսական միջոցներն առգրավելու հայցը, հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, փաստաբան Շահատա Մուհամմադ Շահատայի կողմից ներկայացված հայցում նշվում է, որ անհրաժեշտ է պարտադրել Եգիպտոսի վարչապետ Քամալ Ալ-Գանզուրիին, նախարարների կաբինետի անդամներին, շարժման գերագույն առաջնորդ Մուհամմադ Բադիային, շարժման քաղաքական թևի «Ազատության և արդարության կուսակցության» առաջնորդ Մուհամմադ Մուրսիին կատարել իսլամիստական խմբավորումը ցրելու որոշումը, խոչընդոտել նրա գործունեությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ «Մուսուլման եղբայրները» 30-ական թթ.-ից գործում են և զբաղվում անօրինական հասարակական և քաղաքական գործունեությամբ՝ հաշվի առնելով, որ այն պաշտոնապես 60 տարի արգելված է եղել: Բացի այդ՝ «Մուսուլման եղբայրները», ըստ էության, լինելով հասարակական ոչ առևտրային միավորում, չեն գրանցել իրենց կազմակերպությունն ըստ երկրում գործող ոչ առևտրային հասարակական կազմակերպության օրենքների:
Այսպիսով՝ պետությունը և ժողովուրդը տեղյակ չեն ո՛չ «Մուսուլման եղբայրների» գործունեության բնույթի, ո՛չ նրա ֆինանսավորմնան աղբյուրների մասին: Շահատան նշել է, որ իր գործունեությունն օրենքով չամրագրված ցանկացած ոչ առևտրային հասարակական կազմակերպություն ենթակա է լուծարման:
Իսլամական «Մուսուլման եղբայրներ» շարժումը և նրա քաղաքական թևն առաջատար դեր ունեն 2011թ. հեղափոխությունից հետո: Շարժումը հաղթող է ճանաչվել փետրվարի խորհրդարանական ընտրություններում: իսկ նրա թեկնածուն՝ Մուհամմադ Մուրսին մասնակցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին և չի բացառվում որ հենց նա էլ կհաղթի:









































