Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Դեմոկրատական հասարակություն կոնգրեսի համանախագահ և Մարդինից պատգամավոր ընտրված քուրդ Ահմեդ Թուրքը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի մեջ չի տեսնում քրդական հարցի լուծման ցանկություն.
«Թուրքիայի կառավարությունը պետք է տա քրդական հարցի լուծման մեկնարկը: Էրդողանը վերջին շրջանում միայն խստացնում է ոչնչացման ու ահաբեկման քաղաքականությունը: Վերջին երկու տարիներին Էրդողանի ունեցած ելույթները պարունակում են քրդերին հասցեագրած վիրավորանքները և ընդհանրապես վստահություն չեն ներշնչում: Էրդողանը կանխակալ մոտեցում է ցուցաբերում քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության նկատմամբ, որը ձգտում է լուծել հարցը:
Քրդերի հանդեպ նրա տածած ատելությունն ու չարությունը ցույց չեն տալիս, որ նա մտադիր է լուծել քրդական հարցը: Սակայն միակ ուղին երկխոսություն սկսելն է: Ես համաձայն չեմ Լեյլա Զանայի այն մտքի հետ, թե Էրդողանը մտադիր է լուծել այս հարցը՝ ելնելով նրա հռետորիկայից»:
Հիշեցնենք, որ կարծիքներ կան, թե Ահմեդ Թուրքի պապը եղել է հայ, որը 1925 թվականին փոխել է անունն ու ազգանունը հալածանքներից խուսափելու համար:








































