Երբ ամերիկյան իրավապաշտպան Freedom House կազմակերպության հրապարակած զեկույցում Ադրբեջանը որպես «ոչ ազատ» երկիր բնորոշվեց, Բաքվի քաղաքական շրջանակները կազմակերպությանը մեղադրեցին hօգուտ Հայաստանի շահերի գործելու մեջ:
Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերջին` «Ազատությունն աշխարհում 2010» տարեկան զեկույցում նշվում է, որ ԱՄՆ և մի շարք այլ երկրների կառավարությունները որոշակի պետությունների հետ հարաբերություններում առաջին տեղում սեփական ռազմավարական շահերն են դնում. Այսպես` Ադրբեջանում կայացած «ակնհայտորեն կեղծված ընտրությունները» անտեսվել են նրա նավթային պաշարների շնորհիվ:
Մեկ այլ ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության`Human Rights Watch-ի վերջերս հրապարակած World Report զեկույցում Ադրբեջանը կրկին քննադատվել է իր ռեկորդային քանակությամբ քաղաքական և քաղաքացիական խախտումների համար:
«Նոյեմբերի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: Մի շարք լուրջ խնդիրներ պահպանվել են, ներառյալ կրոնի, հավաքների և միավորումների ազատության սահմանափակումները, ինչպես նաև բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքը և կտտանքները»,- նշվում է զեկույցում:
Հնչեցրած քննադատությանը պատասխանելու փոխարեն, իշխանամետ քաղաքական օղակները նախընտրում են հերքել այն: Նրանց հատկապես բարկացրել էր այն փաստը, որ Freedom House-ի զեկույցում Հայաստանը որակվել էր որպես «մասամբ ազատ» երկիր, մինչդեռ Ադրբեջանը «ոչ ազատ» կարգավիճակին էր արժանացել:
«Freedom House-ը և այլ միջազգային կազմակերպությունները Ադրբեջանի նկատմամբ անարդար են: Նրանք աչք են փակում այն փաստի վրա, որ Հայաստանը բռնազավթել է մեր տարածքի մի մասը», – ասում է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, իշխանամետ Ana Vatan կուսակցության ղեկավար Ֆազայիլ Ագամալին` ակնարկելով Լեռնային Ղարաբաղը:
«Այս կազմակերպություններն աշխատում են հօգուտ Հայաստանի: Նրանք զավթիչին «մասամբ ազատ» երկիր են որակել, իսկ այն երկիրը, որի տարածքները զավթել են` «ոչ ազատ» է համարվում: Նրանք փորձում են այս կեղծ, զրպարտական վարկանիշների միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,- հավելում է Ագամալին:
Նրա խոսքերով, իրավապաշտպան կազմակերպությունները տեղեկատվությունը քաղում են իրենց իսկ կողմից ֆինանսավորվող տեղական հասարակական կազմակերպություններից և չեն կարողացել «ստուգել այս ստերը մեզ` կառավարության հետ»:
Իրավապաշտպանները, սակայն, նշում են, որ թե´ Freedom House-ը, թե´ Human Rights Watch-ն իրականում գիտակցում են Ադրբեջանում եղած խնդիրների քանակը:
«Իրականում, Ադրբեջանում քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրադրությունը վերջին տարիներին խիստ վատթարացել է: Քաղաքական կուսակցություններն այս ոլորտներում այնքան ոտնձգություններ են կատարել, որ չեն կարողանում նորմալ պայմաններում աշխատել: Քաղաքացիական իրավունքներն ակնհայտորեն անընդհատ խախտվում են»,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչ Արզու Աբդուլլաևան:
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները կորցրին իրենց փոքրաթիվ տեղերը խորհրդարանում անցյալ տարվա նոյեմբերին կայացած ընտրություններին, որոնք, իշխանությունների պնդմամբ, եղել են ազատ և արդար` միևնույն ժամանակ արժանանալով միջազգային դիտորդների քննադատությանը:
«2010 թվականի խորհրդարանական ընտրությունները խայտառակություն էին Ադրբեջանի համար: Կարելի է հաստատապես ասել, որ ներկայիս խորհրդարանի անդամներին ընտրել է նախագահը: Նրանք կեղծել են ընտրությունների արդյունքները` իրենց ցանկալի մարդկանց խորհրդարանում տեսնելու համար»,- դժգոհում է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդական կոմիտեի ղեկավար Աբուլֆազ Գուրբանլին:
Իշխանությունների դեմ վերջին լայնամասշտաբ ցույցերը, որոնք ուղղված էին այդ տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, տեղի են ունեցել 2005 թվականի նոյեմբերին. այդ ժամանակ ոստիկանության միջամտության արդյունքում` բողոքի ակցիան ցրվեց:
2005 թվականից ի վեր, ըստ ընդդիմադիրների, նրանց կուսակցություններն այնպիսի ճնշման են ենթարկվել, որ նրանք այլևս ի վիճակի չեն քաղաքական արշավ կազմակերպել կամ միջոցներ ձեռք բերել:
Այն լրագրողները, ովքեր համարձակվում են քննադատել իշխանություններին, բանտարկվում են, ինչպես Էյնուլլա Ֆաթուլլաևը, ով շարունակում է մնալ անազատության մեջ` չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարան նրա ներկայացրած հայցի բարեհաջող հանգուցալուծմանը:
«Մուսավաթ» կուսակցության նախկին ակտիվիստներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասում է, որ կառավարության դեմ քաղաքական արշավ կազմակերպելը համարյա անհնար է դարձել:
«Նրանք ցանկանում են խորհրդային տարիներին գործող ավտորիտար ռեժիմ ստեղծել: Ես ստիպված եղա թողնել կուսակցությունը` հանուն երեխաներիս. ուսուցիչները նրանց դեմ էին լարում աշակերտներին` նրանց «ընդդիմության երեխաներ» անվանելով»,- ասում է նա:
Dalga քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Ռամին Հաջիլիի խոսքերով, լավ կլինի, եթե կառավարությունն ավելի լուրջ մոտեցում ցուցաբերի արտաքին քննադատության նկատմամբ` այն Հայաստանի շահերից բխող քարոզչություն որակելու փոխարեն:
«Հայելուն ինչ մեղք, թե դունչդ ծուռն է»: Քաղաքական բանտարկյալներին անհրաժեշտ է ազատ արձակել, իսկ հավաքների, խոսքի և սեփականության իրավունքները պետք է պաշտպանել: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի բարելավել միջազգային կազմակերպությունների կողմից մեզ տրված գնահատականները», – նշում է Հաջիլին:
Իդրակ Աբբասով, Zerkalo պարբերական










































