Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտային կասկածում են գրագողության մեջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Nature ամսագրին։
Հոդվածում, որը տեղադրված է ամսագրի կայքում, ասվում է, որ Վիկտոր Պոնտայի թեկնածուական ատենախոսության կեսից ավելին սկզբնաղբյուրների արտագրություն է։ Կայքը հիշեցնում է, որ նրա ատենախոսությունը նվիրված է Միջազգային քրեական դատարանին։
Պոնտան այս մեղադրանքները կտրականապես հերքում է՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքը ենթարկել փորձագիտական հետազոտության։ Ռումինիայի որակավորման բարձրագույն հանձնաժողովի ներկայացուցիչն ասել է, որ գրագողության փաստերն այս աշխատանքում բազմաթիվ են։
Հիշեցնենք, որ գրագողության փաստերի բացահայտման ալիքն անցած տարվանից է սկսվել Եվրոպայում։ Սրա արդյունքում իրենց պաշտոններից և գիտական աստիճաններից զրկվել են Հունգարիայի նախագահն ու Գերմանիայի պաշտպանության նախարարը։









































