Հունիսի 18–ին Երևանի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում հողով բարձած «Նինո» մակնիշի 064 ԼԼ 26 համարանիշի բեռնատարը շրջվել է և բախվել «Կիա» մակնիշի Լ1323 համարանիշի ավտոմեքենային։ Այս մասին տեղեկացնում է News.armeniatv.com–ին՝ հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին։
Կողաշրջման հետևանքով ողջ հողը թափվել է մայթին։ Դեպքի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը, ՃՈ Ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը և ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար Եղիշ Ենգիբարյանը։
Գ. Շամշյանը լրատվամիջոցին հայտնել է, որ քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենան վարորդին տեղափոխեց հիվանդանոց։ Հողի թափվելու հետևանքով թեթև վնասվել են նաև «ԲՄՎ» մակնիշի 26 ՏՕ 796 համարանիշի և «Տոյոտա» մակնիշի 99 ՕԼ 995 համարանիշի ավտոմեքենաները։
Արդեն դեպքի վայր է ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի










































