Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ժամանել է մեքսիկական Լոս Կաբոս քաղաք՝ G20–ի գագաթնաժողովին մասնակցելու համար, այստեղ հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Զրույցն ընթանում է «Էսպերանսա» հյուրանոցում, որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «հույս»: Այդ հյուրանոցը գագաթնաժողովի ընթացքում Բարաք Օբամայի նստավայրն է լինելու և փաստացի ամերիկյան տարածք է համարվում:
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում է ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, իսկ ամերիկյան կողմից` պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Պուտինը և Օբաման հանդիպում են երկրորդ անգամ: Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, երբ ԱՄՆ նախագահն այց էր կատարել Ռուսաստան: Սակայն այդ ժամանակ Վլադիմիր Պուտինը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:
Զրույցն ընթանում է փակ դռների հետևում, սակայն հանդիպման ավարտից հետո երկու երկրների առաջնորդները հայտարարություն կանեն լրատվամիջոցների համար:









































