Ինչպես հաղորդում են պակիստանյան լրատվամիջոցները, Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:
Մուշարաֆը մեղադրյալ է դարձել Ռավալպինդի քաղաքի ոստիկանապետ Սաուդ Ազիզի ցուցմունքներից հետո: Ազիզին մեղադրանք է առաջադրվել Բհուտոյի անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու համար, ինչը ապացուցել է մեղադրող կողմը, և նա այս գործում ներգրավվել է որպես մեղադրյալ:
Ըստ Ազիզի ցուցմունքների` Մուշարաֆը Բհուտոյի սպանությունից առաջ փոխել էր նրա անվտանգության պետին, իսկ սպանությունից հետո էլ պահանջել էր, որպեսզի սպանության վայրը լվանան ջրով` ապացույցները վերացնելու համար: Ազիզի ցուցմունքները հաստատել է նաև նրա տեղակալը:
Արդյունքում դատարանը համաձայնել է մեղադրողի հետ Մուշարաֆին որպես մեղադրյալ ընդգրկելու համար:
Բհուտոն սպանվել է 2007թ.` համապետական ընտրություններից մի քանի օր առաջ: Հայտնի է, որ այս գործով հիմնական կազմակերպիչ է համարվում Թալիբան շարժման տեղական կառույցը:










































