«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարում է, որ հունիսի 16-ին Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան U888 չվերթի մասին լրատվամիջոցներով տարածված ողջ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ընկերությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ չվերթի ընթացքում ինքնաթիռի շարժիչը եղել է նորմալ վիճակում: Վնասվել էր մեկնարկիչը (стартер)՝ շարժիչի պահեստային մասը: Վնասվածքը հայտնաբերելուց հետո նշված մասն անմիջապես փոխվել է: Սակայն այդ աշխատանքի ընթացքում այն ուղևորները, որոնք չէին կարող սպասել, շտապ չվերթով տեղափոխվել են Գյումրի, որտեղի ավտոբուսով հասցվել են Երևան, կամ վերադարձրել են տոմսերը և ստացել դրա ողջ արժեքը:
«Արմավիա»-ն հերքում է, որ տոմսերը հետ վերադարձնող ուղևորներին ասվել է, որ իրենց կվերադարձվի տոմսի արժեքի միայն 70 %-ը: Ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր այն ուղևորները, որ դեռ դուրս չեն եկել «Պուլկովո» օդանավակայանից, վաղը կկարողանան Երևան վերադառնալ «Արմավիա»-ի օդանավով, իսկ ովքեր այս կամ այն պատճառով հրաժարվում են թռչել, կարող են վերադարձնել տոմսերը և ստանալ դրանց ողջ արժեքը:








































