Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին «Մաբաս» տոնի կապակցությամբ հանդիպել է երկրի ռազմական ընտրանու, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ու պաշտոնատար անձանց հետ:
Իր ելույթում Խամենեին հայտարարել է, թե թշնամին պետք է գիտակցի, որ Իրանի հանդեպ ոչ տեղին գոռոզամտությունն ու անհարկի ակնկալիքները ոչնչի չեն հանգեցնի: Խամենեին հավելել է, որ իսլամական արժեքներին հավատարիմ մնալը կարող է մարդկության համար ապահովել իրական երջանկություն ու առաջընթաց.
«Այսօր մարդկությունը կարիք ունի հետազոտելու, վերլուծելու և ի հայտ բերելու այն խնդիրների արմատները, որոնց մեջ նա թաթախված է: Գերտերությունները վարում են այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է ներդրումներ կատարող ընկերությունների ու կոնցեռնների տնտեսական խնդիրների լուծմանը և ճգնաժամերի հետևանքների վերացմանը և ոչ թե ժողովրդի խնդիրների լուծմանը: Ողջ մարդկությունը բաժանված է երկու բևեռի ճնշողների բևեռ և ճնշվածների բևեռ: Ժողովուրդները պետք է ընդվզեն բռնակալության դեմ, որպեսզի ձեռք բերեն ազատություն ու բարօրություն»:









































