Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ու նրա մերձավոր համախոհ, նախկին ՆԳ նախարար Բիս Օրտեֆյոյի դեմ հայց է ներկայացվել «հետաքննության տվյալները հրապարակելու մեղադրանքով» ու «հետաքննությանը խոչընդոտելու» համար: Ինչպես այսօր հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները, մեղադրանքները նրանց դեմ ներկայացրել են 2002թ. Պակիստանի Կարաչի քաղաքում ահաբեկչության ժամանակ զոհված ֆրանսիացի երկու մասնագետների ընտանիքները: Այս մասին հայտնել է ITAR-TASS-ը:
Մեղադրանքներ կան նաև Ֆրանսիայի նախկին նախագահի խորհրդական Ֆրանկ Լուվրիեի դեմ ուղղված, որը պատասխանատու էր հասարակայնության հետ կապերի համար:
Հայցադիմումը ներկայացնելու առիթ է դարձել 2011թ. սեպտեմբերի 22-ին հրապարակված Ելիսեյան պալատի մամլո ծառայության հաղորդագրությունը:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Նիկոլա Սարկոզիի անունը «ոչ մի կերպ չի կապվում գործի նյութերի հետ»` կապված Կարաչիի ահաբեկչության հետ: «Նրա անունը ոչ ոք այս գործով անցնող վկաներից չի տվել»,- նշվում էր մամլո հաղորդագրության մեջ:
Հայցադիմումատուների կարծիքով` նման հրապարակումը խախտում է արդարադատության անկախության սկզբունքն ու բաց կերպով միջամտություն է հետաքննչական գործընթացին:
Նրանց պնդմամբ` երկրի քաղաքական ղեկավարությունը չպետք է տեղեկացված լինի գործի նյութերի հետ, որի քննությամբ զբաղվում են անկախ դատավորները:
Ելիսեյան պալատի հրապարակած հայտարարության մեջ, որը հղում է կատարում վկաների վկայություններին, բացահայտորեն նշված է, որ մատչում ունի հետաքննության փակ փաստաթղթերին:
Սարկոզիի հասցեին մեղադրանքները հայցվոր կողմը հիմնավորում է ֆրանսիական Սահմանադրության 64-րդն հոդվածով, համաձայն որի` «հանրապետության նախագահը հանդիսանում է անկախ դատական համակարգի երաշխավորը»:
Սկանդալային «Կարքաչիգեյթ» գործի հետաքննությունը Ֆրանսիայում շարունակվում է ավելի քան 10 տարի:
Խոսքը 1990-ականներին Պակիստանին ֆրանսիական արտադրության սուզանավերի մատակարարումների մասին է, որի ժամանակ թույլ էին տրվել ֆինանսական չարաշահումներ: 2002թ. մայիսի 8-ին Կարաչիի նավաշինարանում տեղի էր ունեցել ահաբեկչական ակտ, ինչի հետևանքով զոհվել էր ֆրանսիացի պայմանագրային 11 մասնագետ, որոնք աշխատում էին սուզանավերի շինարարության վրա:
Այն ժամանակ Ֆրանսիայի արտաքին հետախուզության ծառայությունը անցկացրեց իր սեփական ոչ պաշտոնական հետաքննությունը: Համաձայն ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկությունների` ահաբեկչությունը կարող էր դառնալ մի շարք պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյաների վրեժը ֆրանսիացիների` ոչ ամբողջությամբ վճարված գումարի դիմաց:
Քննիչները լուրջ հիմքեր ունեն կասկածելու, որ գումարի մի մասը անօրինական կերպով ուղղվել է Էդուար Բալլադյուրի նախագահական քարոզարշավի վրա 1995թ., որի վստահված անձը եղել է այն ժամանակ Նիկոլա Սարկոզին:
Այս գործի շրջանակում կասկածներ էին առաջացել Նիկոլա Սարկոզիի մերձավոր շրջապատի նկատմամբ, սակայն անձամբ Ֆրանսիայի նախագահը համարվում էր անձեռնմխելի:
Սարկոզիի դատական իմունիտետի գործողության ժամկետը լրացել է հունիսի 15-ին: Հիմա նրան սպառնում է հետապնդում ևս մի քանի գործով, կապված մասնավորապես 2007թ. նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման հետ:









































