Ծխախոտի արծաթե տուփը, որը բրիտանացի գրող Ագաթա Քրիստին նվիրել է սաքսոֆոնահար Բոբ Լիմինգին, Լոնդոնում Sotheby’s աճուրդի տան կողմից դրվել է վաճառքի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
1926 թվականի դեկտեմբերին Քրիստիի առաջին ամուսին Արչիբալդը խոստովանում է ամուսնական անհավատարմության մասին և ապահարզան պահանջում: Գրողի հոգեկան վիճակի վրա ազդում է նաև մոր մահը: Քրիստիի մոտ նյարդային պոռթկում է տեղի ունենում: Նա ժամանակ առ ժամանակ սկսում է մոռանալ իր անունը: Դեկտեմբերի սկզբին Քրիստին տանից դուրս է գալիս ու անհետանում: Չնայած նրան որոնելու աշխատանքներում ընդգրկված էին 500 ոստիկաններ, շներ, նույնիսկ օդանավ, Քրիստինն հաջողվում է գտնել 11 օր անց: Առաջինը Քրիստիին նկատել է սաքսոֆոնահար Լիմինգը: Ի նշան երախտագիտության՝ Քրիստին երաժշտին է նվիրում ծխախոտի արծաթե տուփը:
Ծխախոտատուփը Լիմինգի ընտանիքում փոխանցվել է սերնդից սերունդ: Լոտի մեկնարկային գինը 10 հազար ֆունտ է( 15,5 հազար դոլար): Աճուրդը կկայանա հուլիսի 10-ին:
Ագաթա Քրիստին Մեծ Բրիտանիայի խորհրդանիշներից մեկն է: Նա դասվում է դետեկտիվ ժանրի աշխարհում ամենահայտնի հեղինակների շարքին: Նրա գրքերը ամենահրատարկվողներն են՝ Աստվածաշնչից և Շեքսպիրի երկերից հետո:
Ագաթա Քրիստին լույս է ընծայել ավելի քան 60 դետեկտիվ, 6 հոգեբանական վեպեր և պատմվածքների 19 ժողովածու: Լոնդոնում բեմադրվել են նրա պիեսներից 16-ը: Ագաթա Քրիստիի գրքերը թարգմանվել են 100-ից ավելի լեզուներով:










































