Նոր խնդիրների լուծման համար միշտ չէ, որ նոր կադրեր են անհրաժեշտ. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով կառավարության կազմին:
«Նախորդ չորս տարիների կառավարությունը լավ է կատարել իր գործը, այնպես որ՝ միշտ չէ, որ նոր կազմ է պետք»,- նշեց նա:
Գագիկ Մինասյանի խոսքով՝ կառավարության հիմնական ծրագրի հիմքում Հայաստանը մրցունակ պետություն դարձնելն է:
«Եթե հետևել եք գործընթացներին, ապա նկատած կլինեք, որ բոլոր բնագավառներում մենք ունենք էական փոփոխություններ: Իհարկե, կառավարության ծրագիրն առաջին հերթին քննարկեցինք մեր կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի, ինչպես նաև մյուս ուժերի հետ»,- նկատեց Գ. Մինասյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը ասաց նաև, որ կառավարության ծրագրի առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են, որոնցից մեկն էլ օլիգոպոլիաների դեմ արդյունավետ պայքարի իրագործումն է:
«Առանց օլիգոպոլ համակարգի, գերիշխող դերի չարաշահման դեմ արդյունավետ պայքարի կառավարության աշխատանքը ամբողջական չի լինի: Այդ է պատճառը, որ առաջիկա տարիներին կառավարությունը լրջորեն աշխատելու է այդ ուղղությամբ»,- նշեց Գ. Մինասյանը:
Հարցին՝ ինչպե՞ս իրեն կդրսևորի ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Գ. Մինասյանն ասաց. «Նա ունի աշխատանքային բավականին մեծ փորձ, իր պարտականությունները շատ հաջող է կատարել՝ դրսևորելով լուրջ կազմակերպչական որակներ: Համոզված եմ, որ որպես կառավարության անդամ նա կկարողանա կատարել իր վրա դրված պարտականությունները: Բոլորի մոտ էլ կարող են կարիերայի հետ կապված անկումներ լինել, բայց ավելի կարևոր են մարդու մասնագիտական որակները: Նա, կարծում եմ, համարժեք պատասխանատվություն կրեց»:
Մինասյանի խոսքով՝ ինքը շատ ուրախ է, որ ՀԱԿ-ը ներկայացված է ԱԺ-ում, և բանավեճերն ընթանալու են խորհրդարանի պատերի ներսում:
Ամփոփելով՝ ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց. եթե աշխարհը նոր ֆինանսատնտեսական ճգնաժամ պատուհասի, Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի իր քաղաքացին հնարավորինս քիչ տուժի:









































