ԱԺ-ն պետք է մերժի Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր վերցնելու օրենսդրական փոփոխությունները, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Էկոլուր» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Ինգա Զառաֆյանը` անդրադառնալով
երկու օր առաջ կառավարության հավանությանն արժանացած Սևանա լճից լրացուցիչ 150 միլիոն խորանարդ մետր ջուր վերցնելու նպատակով կատարվելիք օրենսդրական փոփոխությունների փաթեթին:
Ինգա Զառաֆյանը տեղեկացրեց, որ մինչ նախագիծն ուղարկվեց Ազգային ժողով, դրա վերաբերյալ քննարկումների ժամանակ միանգամից արձագանքել են և իրենց անհանգստությունը հայտնել: Նա նշեց, որ Սևանա լճի խնդիրներով զբաղվող երկու հանձնաժողովների նախագահ Վլադիմիր Մովսիսյանին հարցում է ուղղել` խնդրելով փորձագիտական գնահատական տալ օրենսդրական փոփոխությունների փաթեթին: «Սևանի էկոհամակարգի համար շատ անցանկալի է այդպիսի կտրուկ իջեցում-բարձրացումը, Սևանա լճի էկոհամակարգը լուրջ համակարգ է, և այդ համակարգի հետ հենց այնպես խաղալը կարող է բերել շատ ծանր հետևանքների: ԱԺ-ն պետք է մերժի այդ առաջարկը, որովհետև նախաձեռնության փաթեթում տրված պարզաբանումները պարզապես չեն համապատասխանում իրականությանը, կարող է այնտեղ լրիվ այլ պատճառներ կան, բայց բերված պարզաբանումները ռեալ իրավիճակին չեն համապատասխանում»,- մեկնաբանեց Ինգա Զառաֆյանը` շարունակելով, որ ո՛չ Ազատի, ո՛չ Ապարանի ջրամբարների լցվածությունը վերջին տարիներին փոփոխություններ չի կրել: Ըստ նրա` եթե այնտեղ ուրիշ միտք կա, թող ճիշտն ասեն:
Հիշեցնենք, որ Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմում է հղել ՀՀ Ազգային ժողով, որպեսզի այն բացասական գնահատական տա Սևանա լճից ջրի բացթողնման սահմանված քանակից ավելի շատ ծավալով ջուր բաց թողնելու կառավարության առաջարկությանը: Կառավարությունը հունիսի 15-ին ՀՀ ԱԺ ուղարկեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները, որոնցով ջրի բացթողնման ծավալները սահմանված 170 միլիոն խմ-ի փոխարեն կդառնան 320 միլիոն խմ:










































