Այսօր բացվել է գովազդի աշխարհի խոշորագույն փառատոնը` «Կաննի առյուծները», որն արդեն 59-րդ անգամ տեղի է ունենում Կաննում։ Այն կավարտվի հունիսի 23-ին: Փառատոնի առաջին միջոցառումը եղել է 360i դիջիթալ-գործակալության վարպետության դասը։ Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն:
Նշենք, որ փառատոնի շրջանակներում պարգևներ կշնորհվեն 15 անվանակարգերում: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 18–ին, 19–ին, 20-ին և 23-ին:
Հունիսի 21-ին փառատոնային օրը կավարտվի ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ելույթով` Հարավային Ամերիկայի Grupo ABC հաղորդակցման խոշոր խմբի սեմինարի շրջանակներում: Grupo ABC-ն վաղուց է, ինչ համագործակցում է Քլինթոնի հետ: «Առյուծները» կավարտվեն «ֆիլմ», «կինեմատոգրաֆիական արվեստ», «բրենդային բովանդակություն և միջոցառումներ» և «ինտեգրացիա» անվանակարգերում մրցանակների բաշխմամբ:
Նշենք, որ այս տարի «Կաննի առյուծներին» մասնակցելու ռեկորդային թվով դիմումներ են եղել` 34 հազար 301: Դա կապված է մասնավորապես երկու նոր` «բջջային գովազդ» ու «բրենդային բովանդակություն և միջոցառումներ» անվանակարգերի ի հայտ գալու հետ:









































