Սիրիայում նախկինի նման շարունակվում են իշխանական ուժերի և ընդդիմության բախումները: Ինչպես հաղորդում է BBC-ն, հղում կատարելով գործող ռեժիմի հակառակորդների հայտարարություններին, նախօրեին մարտերի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ:
Նրանց խոսքերով` բախումների և ռմբակոծությունների մասին լուրեր գալիս են երկրի ողջ տարածքից: Դրա հետ մեկտեղ վերջին օրերի ընթացքում զգալի հարված է հասցվել Դամասկոսի շրջակայքին:
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայում ՄԱԿ դիտորդների պատվիրակության ղեկավար Ռոբերտ Մուդը հայտարարել էր, որ առաքելության աշխատանքը դադարեցված է երկրում աճող բռնությունների պատճառով: Առաքելության ղեկավարի հայտարարության մեջ նշվում է, որ դա վերջին ազդանշանն է, որ Քոֆի Անանի ծրագիրը տապալված է:
Նա նաև նշել է, որ աշխատանքների շարունակումը լուրջ վտանգ է ներկայացնում հենց դիտորդների համար:








































