Հունաստանում այսօր կայանալիք արտահերթ ընտրությունների մեկնարկից ժամեր առաջ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հանդես է եկել հույներին ուղղված կոչով՝ հորդորելով, նրանց քվեարկել այն առաջնորդների օգտին, որոնք խստորեն կհետևեն այդ երկրին ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնության հատկացման վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին:
BBC-ի փոխանցմամբ, այս ընտրությունները կարող են լրջորեն ազդել եվրոգոտու ապագայի և ԵՄ պարտքային ճգնաժամի հանգուցալուծման վրա: Ընտրություններում մասնակցող հիմնական կուսակցությունները՝ ռադիկալ ձախակողմյան «Սիրիզան» և պահպանողական «Նոր ժողովրդավարական կուսակցությունը» արմատապես հակադիր հայացքներ ունեն երկրի տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Պահպանողականները գտնում են, որ երկիրը պետք է շարունակի մնալ եվրոգոտում: «Սիրիզայի» առաջնորդները, սակայն, գտնում են, որ մտադիր են հրաժարվել այն խիստ տնտեսական պարտավորություններից, որ Հունաստանը ստանձնել է՝ միջազգային ֆինանսական օգնության դիմաց: Հասարակական վերջին հարցումների համաձայն, երկու կուսակցություններն էլ վայելում են գրեթե հավասար հասարակական աջակցություն:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները երկիրը կանգնեցրին փակուղու առաջ, երբ քաղաքական ուժերից և ոչ մեկը չկարողացավ համաձայնության գալ կոալիցիայի շուրջ և ձևավորել կառավարություն:











































