Սեփական հակաօդային պաշտպանությունը զարգացնելը ցանկացած պետության սուվերեն իրավունքն է, ինչ–որ տեղ նաև՝ պարտականությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ ԱՄՆ-ը կաջակցի Վրաստանին հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) բնագավառում:
«ԱՄՆ-ի և Վրաստանի միջև պաշտպանական ոլորտում իրականացվող համագործակցությունը Ռուսաստանի մոտ միշտ էլ խանդ է առաջացրել: Վստահ եմ, որ սա ռուսների դուրը չի գա: Սա նույնիսկ կարող է դժգոհություն և ընդվզում առաջացնել Վրաստանից անջատված սուբյեկտների՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի մոտ: Սակայն ամենամեծ ցանկության դեպքում դրա տակ հարձակողական գործողությունների միտում տեսնելը պարզապես անհնարին է: Միաժամանակ, Միացյալ Նահանգները միշտ շեշտում է, որ այդ համագործակցությունը զուտ պաշտպանողական բնույթ է կրում և ուղղված չէ Վրաստանի հարձակողական պոտենցիալի ուժեղացմանը»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:
Ամփոփելով՝ փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանն իր հերթին հակաօդային պաշտպանության ոլորտում սերտ համագործակցության պայմանագրեր ունի Ռուսաստանի հետ: «Այս համագործակցությունը ևս զուտ պաշտպանողական բնույթ է կրում: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ ԱՄՆ–ը Եվրոատլանտյան կառույցներում ձգտում է ՌԴ-ի հետ սերտ համագործակցության, սա կարող է լինել մի ոլորտ, ուր երկու երկրների շահերը ոչ թե կհակասեն մեկը մյուսին, այլ անգամ կարող են միմյանց փոխլրացնել: Սրանից տարածաշրջանը միայն կշահի»,– նշեց փորձագետը:








































