Մի քանի օր է՝ ՀՀ ԱԱԾ-ն և Վարդան Օսկանյանը՝ «Սիվիլիթասով» հայտնվել են ԶԼՄ-ների, դեսպանների և հանրության ուշադրության կենտրոնում: Հատկապես երբ ԱԱԾ կողմից փողի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործի կապակցությամբ նոր մանրամասներ հրապարակեցին, երբ, պարզվեց, որ ԱՄՆ-ում գրանցված «Փոլիմեր մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլին» պատկանող, Հայաստանում հիմնադրված «Հանթսման բիլդինգ փրոդաքթս» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը վաճառվել են 2 միլիոն դոլարով, սակայն գործարքը հարկային մարմնում չի ներկայացվել, իսկ բարեգործության համար նախատեսված գումարներից 1 միլիոն 135 հազար դոլարն իրականում բարեգործական նպատակներին չի ուղղվել: Բացի այդ, «Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանն էլ անընդունելի և պարսավելի է համարում այս ամենում մեծ բարերար Ջոն Հանթսմանի անունը շոշափելը, մարդ, որ անկախությունից ի վեր Հայաստանում անգնահատելի բարեգործություն և ներդրումներ է արել:
Քաղաքական մշակույթում թերևս առաջին անգամ ի հայտ եկան արևմտյան կրոնական փոքրամասնություններից, այս դեպքում՝ մորմոններից ստացված գումարների հնարավոր ֆինանսական մեքենայություններ, որը ԱԱԾ-ն կապում է «Սիվիլնեթի» հետ, և որի առաջնորդ Վարդան Օսկանյանն ուղղակի կապ ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որն էլ սերտ կապերի մեջ է եղել Ջոն Հանթսմանի հետ: Ստացվում է՝ այս տարիներին մեր իշխանությունը որևէ խտրականություն չի՞ դնում որևէ երկրից փող «կորզելու» ճանապարհին:
Հարցին «Ժառանգություն» կուսակցության ավագ անդամ Ստեփան Սաֆարյանը, որը ծավալուն հոդվածով անդրադարձել է խնդրին, դժվարանում է միանշանակ պատասխան տալ, բայց փողերը գույն, համ, հոտ չունեն, և քանի որ Հայաստանի իշխանություններն ավանդաբար ամենից շատ սիրել են փող, իսկապես չեն նայել մաքո՞ւր, թե՞ կեղտոտ տեղից են գալիս այդ փողերը, այս առումով խնդիր է առաջացել:
Նա չհերքեց նաև Ջոն Հանթսմանի և մորմոնների աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին, բայց տվյալ պարագայում իր համար հստակ չէ «Սիվիլիթասի» առնչությունը, քանի որ մի կողմից չի հավատում ՀՀ ԱԱԾ-ին և նրա վարկածներին, որովհետև բազմաթիվ գործերով ԱԱԾ-ն ցույց է տվել՝ ինչպես է աշխատում, հետևաբար, չափազանց զգուշավորությամբ է մոտենում խնդրին:
Մյուս կողմից, սակայն, Ստեփան Սաֆարյանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանն աչքի է ընկել այն հանգամանքով, որ տարբեր կազմակերպություններից, ռուսական և այլ երկրների ոչ լավ համբավ ունեցող շրջանակներից գումարներ են մտել Հայաստան և ներդրվել շինարարության ոլորտում, իսկ շինարարությունը ենթադրում է թույլ վերահսկողություն և փողերի լվացման մեծ ռիսկ: «Չմոռանանք, որ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում էր, որ դեսպանները, միջազգային կազմակերպությունները սկսեցին ակնարկներ անել և պահանջել խստացնել փողերի լվացման օրենսդրությունը Հայաստանում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով, փողերի լվացման մեխանիզմների խստացումը ցույց է տալիս, որ Հայաստանն այս խնդիրն ունեցել է, և եթե ընդունի Քոչարյանի իշխանության հովանավորչությունը նման գործընթացների նկատմամբ, որոշակի փայաբաժինային իրավիճակներ են եղել, բայց այս ամենը «Սիվիլիթասի» հետ կապելը դեռևս ապացուցման կարիք ունի:
«Ես մի բանում վստահ եմ, որ այս գործի հարուցմամբ, իշխանությունն ակնկալում է քաղաքական հետևանք՝ պայմանավորված ԲՀԿ որոշումներով, Վարդան Օսկանյանի հնարավոր վարքագծով: Եվ եթե մի քրեական գործի ակնկալվող հետևանքը քաղաքական է, ապա չես կարող չխոսել այդ գործի քաղաքական դրդապատճառների մասին: Ես վստահ եմ, և նաև այսպիսի փաստեր միշտ են եղել, որ ԱԱԾ-ն այս տարիների ընթացքում վերահսկել է ցանկացած տնտեսական շարժ, և քանի որ երկրում խաղի կանոններն անազնիվ են, յուրաքանչյուրը միգուցե այս կամ այն պատճառներով ունեցել է իր խոցելիության կողմը: Քիչ են մարդիկ քաղաքականության մեջ, որոնք անխոցելի են ընդհանրապես: Հետևաբար, երբ տվյալ անձը քաղաքականության մեջ դառնում է անցանկալի և անվերահսկելի իշխանության կողմից, որպես կոմպրոմատ այս ամենը կարող է ջրի երես բերվել»,-նշեց Ստեփան Սաֆարյանը:
Հարցի կրոնական կողմը…
Կրոնագետ, պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի մեկնաբանմամբ, կան երկրներ, որոնք երկրի մակարդակով հրաժարվում են մորմոնական եկեղեցու մատուցած բարեգործությունից, մինչդեռ մեր պետությունը երկրի մակարդակով չի հրաժարվել երբեք, և սկսած 1988-ից, երեք նախագահների ժամանակ էլ մորմոնական եկեղեցու կողմից իրականացվել է մեծածավալ բարեգործություն՝ հագուստ, ուտելիքներ, շինարարություն և այլն: Նա նշեց, որ Հարավային Ամերիկայի երկրներից միայն Ուրուգվայն է հրաժարվել մորմոնական եկեղեցու օգնությունից: Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ «Հանթսման» հիմնադրամի հետ է եղել համագործակցություն, ինչի մեջ կրոնագետը վատ բան, այնուամենայնիվ, չի տեսնում:
Մորմոնական եկեղեցին, նրա խոսքով, այն եզակի կրոնական կառույցներից է, որը չի թաքցնում իր քաղաքական հավակնությունները, և պատահական չէ, որ ԱՄՆ-ի հանրապետական թեկնածու է դարձել մորմոնական եկեղեցու անդամ Միթ Ռոմնին, և կան նահանգներ, որտեղ բոլոր հարցերը լուծում է մորմոնական եկեղեցին: Կարելի է ասել` ԱՄՆ-ում, բողոքականությունից հետո ամենաուժեղ եկեղեցին մորմոնական եկեղեցին է: Շատ նահանգներում մեծ թվով անդամներ ունեն, և շատ դեպքերում եկեղեցու հոգևոր առաջնորդը կարող է իր մեկ խոսքով լուրջ ազդեցություն ունենալ նահանգների քաղաքական պրոցեսների վրա, հիմա արդեն երկրի մասշտաբի է հասնելու: Հայաստանի պարագայում ասել, որ շատ վտանգավոր է, ճիշտ չէ, սակայն պետք է հիշել, որ յուրաքանչյուր կազմակերպության հիմքում ընկած է միսիոներությունը: Մորմոնները 18 տարեկանից սկսած պետք է գնան քարոզելու, երկրներն էլ իրենք չեն որոշում, որոշում է համայնքը, որը վճարում է նրանց տարբեր երկրներում քարոզչություն իրականացնելու համար: Հայաստանի դեպքում բարեգործություն անելիս մորմոնական եկեղեցին ուղղակի քարոզչություն չի իրականացնում, իրենց հատուկ վարքագծով, մշակված մեթոդաբանությամբ են աշխատում: Բացի այդ, ունենք իրենց քարտեզը, որտեղ տուն առ տուն նշված է՝ որտեղ են բարեգործություն իրականացրել և այդպես տուն առ տուն գնալու են:
Բացի այդ, մորմոններն ընդունում են, որ սուրբ գիրքն Աստվածաշունչն է և Մորմոնի գիրքը, իհարկե շատ հաճախ իրենք առավելությունը տալիս են Մորմոնի գրքին: Նրանք որոշակի տարրեր վերցրել են կրոնի քրիստոնեական բողոքական ճյուղից և իրենց մարգարե Ջոզեֆ Սմիթի անձնական մարգարեությունների միախառնումից ստացել են նոր տիպի կոնգլոմերատ, նոր տիպի կրոն: Կրոնագետի խոսքով, որոշակի վարդապետական կետերում իրենք թույլ են, ինչպես, օրինակ, սուրբ երրորդության պատասխան չունենալը, շատ հարցերում իրենք բավական խոցելի են: Բացի այդ, տարիներ շարունակ բազմակնությունն է նրանց մոտ տարածված եղել, ինչը պայմանավորված է եղել մորմոնական եկեղեցու աճի տեմպերի ապահովմամբ: Հիմա այդ պրակտիկան գրեթե վերացել է, բայց ժամանակին ունեցել են նման պրակտիկա, ինչը նրանց խոցելի կետերից մեկն է:
«Մորմոնները գտնում են, որ իրենց կրոնը ամենաճիշտն է և պետք է բոլոր միջոցներով քարոզել: Մորմոնների միսիոներական ինստիտուտն աշխարհի ամենաուժեղներից է, իրենց նվիրումով, համակարգվածությամբ են աչքի ընկնում: Իրենք նույնիսկ շատ խիստ օրենքների տակ են, հենց տվյալ երկրի լեզվով են քարոզում, ինչն էլ ֆանտաստիկ ազդեցություն է ունենում, չեն խմում «Կոկա-կոլա», ստուգում են իրենց օձիքի մաքրությունը և այլն»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:











































