Գերմանացի լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտնել է, որ «Եվրո-2012»-ի շրջանակներում իր թիմը դեռևս ոչ մի նվաճում չի արձանագրել:
Հիշեցնենք, սակայն, որ Գերմանիայի ընտրանին հաղթանակ է տարել իր խմբի առաջին 2 հանդիպումներում և հաջորդ փուլ անցնելու ուղեգիր ձեռք բերել: Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, իր հերթին, կարծիք է հայտնել, որ «Եվրո-2012»-ի եզրափակչում կխաղան Գերմանիայի և Իսպանիայի ազգային հավաքականների թիմերը:
«Մոուրինյոն կարծում է, որ Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդիպելու են Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները: Բայց չէ՞ որ երկու թիմերն էլ դեռ 2 հանդիպում են անցկացրել մրցաշարի շրջանակներում: Կարծում եմ` շատ վաղ է այդ մասին խոսել: Սակայն կցանկանայի նշել, որ Իսպանիա-Իռլանդիա հանդիպմանն իսպանացիները հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին»,- ասել է Լյովը:







































