Անգլիա – Շվեդիա խաղով ավարտվեց «Եվրո-2012»-ի խմբային փուլի երկրորդ տուրը:
Հանդիպումը դրամատիկ ընթացք ունեցավ: 23-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով հաշիվը բացեց Էնդի Քերոլը: Երկրորդ խաղակեսում շվեդները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ. 49-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Գլեն Ջոնսոնը: 10 րոպե անց աչքի ընկավ Օլոֆ Մյոլբերգը:
61-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Թեո Ուոլքոթը, և այդ պահը ճակատագրական դարձավ Անգլիայի ընտրանու համար: «Արսենալ»-ի ֆուտբոլիստը 3 րոպե անց հավասարեցրեց հաշիվը, իսկ 78-րդ րոպեին կատարեց արդյունավետ փոխանցում, որից հետո շքեղ գոլի հեղինակ դարձավ Դենի Ուելբեքը:
Այսպիսով` Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականները վաստակել են 4-ական միավոր և կիսում են D խմբի առաջին հորիզոնականը; Երրորդ տեղում է Ուկրաինայի ընտրանին, իսկ շվեդները, որոնք խմբային փուլից հետո կլքեն մրցաշարը, առանց վաստակած միավորի եզրափակում են այն:









































