Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում Իսրայելի փոխվարչապետ, հետախուզության ու ատոմային էներգիայի հարցերով պետնախարար Դան Մերիդորը խոստովանել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երբեք չի արտասանել «Իսրայելն աշխարհի քարտեզից վերացնելու անհրաժեշտության» վերաբերյալ հայտնի հայտարարությունը։
«Նա երբեք այդպիսի բան չի ասել: Սակայն Իրանի ղեկավարությունը Իսրայելն անվանում է «քաղցկեղ, որն անհրաժեշտ է վերացնել», որ Իսրայելը «անբնական կազմավորում է, որը դատապարտված է կործանման», և որ Իսրայելը «ոչ լեգիտիմ է և չպետք է գոյություն ունենա»»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Իսրայելի ղեկավարությունը և մասնավորապես վարչապետ Բենիամին Նեթանյահուն, բացատրելով Իրանի հանդեպ իրենց դիրքորոշումը, բազմիցս հայտարարել են, որ այն երկիրը, որը ձգտում է «Իսրայելը ջնջել աշխարհի քարտեզից» և «կազմակերպել նոր Հոլոքոսթ», իրավունք չունի զարգացնելու սեփական միջուկային ծրագիրը: Ինչ վերաբերում է Ահմադինեժադին, ապա նա բազմիցս հայտարարել է, որ իր խոսքերը սխալ են թարգմանվել և հասկացվել:







































