Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացնելու 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահական լիազորությունների ժամկետի վերաբերյալ: Դրանով իսկ Սահմանադրական դատարանը վերջակետ կդնի Գյուլի նախագահության ժամկետի (7 կամ 5 տարի) շուրջ ծավալված վեճերին:
Այս տարվա հունվարին գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) 115 պատգամավորներ դիմել էին Սահմանադրական դատարան՝ նախաձեռնելով «Նախագահական ընտրությունների մասին» թիվ 6271 օրենքի մի շարք դրույթների չեղյալ հայտարարումը: Իր այսօրվա նիստում Սահմանադրական դատարանը կդիտարկի ԺՀԿ-ի դիմումը: