Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ 23-ամյա ֆոտոլրագրող Մեհման Հուսեյնովի դեմ կեղծ մեղադրանքներ են ներկայացվել խուլիգանության վերաբերյալ:
«Այդ մեղադրանքները պետք է անհապաղ ու անպայմանորեն վերացվեն: AI-ն կարծում է, որ Մեհման Հուսեյնովն իշխանական թիրախում է հայտնվել նրա համար, որ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ժամանակ դատապարտել է երկրի թերությունները: Չնայած այն բանին, որ նրան գրավի դիմաց ազատ են արձակել, այնուամենայնիվ, ֆոտոլրագրողին դեռ սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Մեհմանի ձերբակալումն ազդանշան է, որ կառավարությունը սկսել է ճնշել նրանց, որոնց պատասխանատու է համարում «Եվրատեսիլի» ժամանակ բացասական տեղեկատվություն տարածելու համար: Եվրոպացի առաջնորդները շարունակում են չցանկանալ մերժել նավթով հարուստ այդ երկրում մարդու իրավունքների ապշեցուցիչ խախտումները, ինչն ադրբեջանական իշխանություններին ազատություն է տալիս վրեժ լուծել սեփական քաղաքացիներից»,- ըստ աղբյուրի՝ ասվում է հայտարարության մեջ:










































