Եվրամիությունը Կոսովոյին տրամադրել է առանց մուտքի այցագրի ռեժիմին անցնելու ճանապարհային քարտեզ: Այս մասին հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը:
«Մուտքի այցագրի մասին երկխոսությունը ԵՄ–ի և Կոսովոյի միջև շարունակվում է ավելի երկար, քան սովորաբար լինում է նման դեպքերում: Բայց մենք հուսով ենք, որ այսօրվանից ձևավորվել է հստակ փուլ, և մենք ավելի արագ կշարժվենք»,- ասել է նա:
Ճանապարհային քարտեզն իր մեջ ներառում է ընդհանուր առմամբ 95 պայման, որոնք պետք է կատարի Պրիշտինան, որպեսզի Կոսովոյի քաղաքացիները հնարավորություն ունենան առանց մուտքի այցագրի մեկնել շենգենյան գոտու երկրներ: Այդ պայմանների մեջ մտնում են այնպիսի պահանջներ, ինչպիսիք են` պայքարն ընդդեմ կաշառակերության, մարդու իրավունքների ապահովում, սահմանային վերահսկողություն և այլն:
Եվրահանձնակատարը նշել է, որ այժմ ամեն ինչ կախված է իրենց Կոսովոյի գործընկերներից, և եթե պայմանները կատարվեն, ապա կքննվի նաև համաձայնագիր:










































