Ֆրանսիական ոստիկանությունը բացահայտել է երկրի պատմության մեջ խոշորագույն կեղծ թղթադրամներ տպողների ցանցը: Այս մասին հունիսի 14-ին հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին:
2007-ից ի վեր հանցագործները տպել են 50 և 20 եվրո արժողությամբ 350 հազար կեղծ թղթադրամներ, որոնք գերազանցել են 9 մլն եվրոն:
Թղթադրամների 90 տոկոսը շրջանառության մեջ են դրվել Ֆրանսիայում, մնացածը` հարևան երկրներում: Կեղծ թղթադրամները, ինչպես նկատում է Le Matin-ը, եղել են EUA-0020C00045 ու EUA-0050C00067 համարանիշներով:
Ոստիկանությունը սկսել էր հետաքննել այդ գործն ու կալանավորել տասնյակ մարդկանց՝ հիմնականում ճանապարհորդներին, որոնք էլ տարածել են կեղծ դրամները: Խմբավորման պարագլուխը մինչ վերջերս անհայտ էր:
Հունսիս 12-ին ու 13-ին ոստիկանները գրոհել էին Մո ու Շել քաղաքների միջև տեղակայված ֆաբրիկայի վրա, որտեղ տպվում էին թղթադրամները: Բարձր որակի թղթադրամները տպվում էին թվային տպիչի օգնությամբ:
Խմբավորման ղեկավարը մոտ 50 տարեկան տղամարդ է, որը նախկինում ևս մեղադրվել է փողեր կեղծելու մեջ:
Ֆրանսիայում տարեկան բացահայտվում է կեղծ թղթադրամներ տպողների 30-40 ցանց, ավելի, քան Եվրամիության մյուս երկրներում:







































