«Սայաթ-Նովա» մշակութային միությունը 2012-ը հայտարարել է Սայաթ-Նովայի տարի: Այս կապակցությամբ միությունը կազմակերպում է մի շարք միջոցառումներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանն ասաց, որ հուլիսի 10-ից 30-ը կանցկացվի անհատ ստեղծագործողների մրցույթ՝ նվիրված Սայաթ-Նովայի 300-ամյակին: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ մարզերի և Երևանի այն անհատ կատարողները, ովքեր գրում են ժողովրդական և աշուղական երգեր:
«Հայտերն արդեն ուղարկել ենք մարզպետարաններ, և ես վստահ եմ, որ մարզերում շատ շնորհալի երեխաներ կան, ովքեր հնարավորություն չունեն իրենց ստեղծագործությունները ներկայացնելու»,- ասաց նա:
Թովմաս Պողոսյանը հույս ուներ, որ ամբողջ տարին Սայաթ-Նովա փողոցը կլիներ տոնական՝պաստառների վրա կլինեին աշուղի սիրված երգերից պատառիկներ, նրա նկարը, սակայն դա չիրականացավ: Միայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով բարեկարգվեց աշուղի հուշարձանի տարածքը:
Թովմաս Պողոսյանն իր խմբի հետ կմեկնի Արցախ, համերգներ կլինեն զորամասերում, Արցախի տարբեր բնակավայրերում՝ նվիրված Սայաթ-Նովայի հոբելյանի տոնակատարություններին:
Աշնանը ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությամբ կանցկացվեն փառատոն և գիտական նստաշրջան, որտեղ կքննարկվեն սայաթնովայագիտությանը նվիրված մի շարք հարցեր, այդ թվում՝ նրա ծննդյան տարեթվի հետ կապված: Համերգային միջոցառումներով խումբը կլինի նաև ՌԴ հայաշատ քաղաքներում:








































