Լոնդոնը և Պեկինը կկապվեն ճեպընթաց երկաթուղիներով: «Մետաքսի երկաթգիծ» կոչվող նախագծի մեկնարկն արդեն տրվել է Չինաստանում, որը սկսել է իր երկրի տարածքում երկաթգծերի կառուցումը: Գլենդել քաղաքի «Հայտուն» հեռուստածրագրի տնօրեն Համլետ Ներսիսյանի տեղեկություններով՝ երկաթուղին անցնելու է նախկին մետաքսի ճանապարհով՝ ներառելով նաև Երևանը:
«Երկաթուղին Թավրիզից ո՞նց է հասնելու Երևան: Նախիջևանով չի կարող հիմա անցնել, բայց երբ հերթը գա, և ցանկանան արդեն կառուցել, առկա քաղաքական խնդիրները կլուծվեն: Կբացեն նաև Գյումրի-Կարսը»,- ասաց Հ. Ներսիսյանը՝ հավելելով, որ շատ բաներ դեռ չեն հրապարակում:
Ասիայում և Եվրոպայում երկաթուղին 40 երկրներ կկապի իրար: Գնացքները կունենան 350 կմ/արագություն, Պեկինից Լոնդոն 15 օրվա ճանապարհը կկրճատվի մինչև 2 օր: Նախատեսվում է, որ Չինաստանը 10 տարում կավարտի իր հատվածը, զուգահեռ կիրականացվեն նաև մյուս հատվածները: Նախագծի նախնական արժեքը մոտ 15 մլրդ դոլար է, ընդ որում՝ մի քանի գիծ է կառուցվելու, այդ թվում՝ նաև Ռուսաստանի տարածքով:
«Գլոբալացման ամենահեշտ ձևերից մեկն է, փող ու ժամանակ կծախսեն, բայց վերահսկողությունը կվերցնեն իրենց ձեռքը»,- նշեց Հ. Ներսիսյանը:









































