2010 թ. նոյեմբերին «Շանթ»-ի նկարահանող խմբի` Սևանի նախկին կինոթատրոնի շենքում կրոնական կազմակերպության անդամներին նկարահանելու հետևանքով սկսված դատական վիճաբանությունը, որը ավարտվել էր հեռուստաընկերության հաղթանակով, նորից կվերսկսվի:
Չնայած Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011 թ. հուլիսի 13-ին կայացրած վճռով Սևանի ավետարանական եկեղեցու առաջնորդ Վլադիմիր Բաղդասարյանին մեղավոր էր ճանաչել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հետագայում մերժել էր Բաղդասարյանի բերած բողոքը` ուժի մեջ թողելով առաջին ատյանի դատարանի որոշումը, վճռաբեկ դատարանը արդեն բավարարել է Ավետարանական եկեղեցու առաջնորդի և նրա պաշտպանների՝ դիմումը, որով նրանք խնդրում են դատախազին միջնորդել քրեական գործեր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 226-րդ (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) հոդվածների հատկանիշներով:
Մասնավորապես՝ հունիսի 8-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել վերաքննիչ դատարանի 2011 թ. դեկտեմբերի 12-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վլադիմիր Բաղդասարյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար և նշանակել 200 հազար դրամ տուգանք: Միևնույն ժամանակ, դատարանը համաներման ակտն է կիրառել և Բաղդասարյանին ազատել պատժի կրումից:
Իսկ դեպքը հետևյալն էր եղել. 2010 թ. նոյեմբերին «Շանթ»-ի նկարահանող խումբը (լրագրող՝ Արփի Սուքիասյան, օպերատոր՝ Էդուարդ Պետրոսյան) մտել էր Սևանի նախկին կինոթատրոնի շենք, որը մասնավոր սեփականություն է, առանց պատշաճ ներկայանալու և թույլտվություն ստանալու նկարահանել էր կրոնական կազմակերպության անդամներին։ Շենքի համասեփականատեր Վլադիմիր Բաղդասարյանը, որը Սևանի «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» կրոնական կազմակերպության առաջնորդն է, նրանց շենքից դուրս է հրավիրել, սակայն լրագրողները չեն ենթարկվել: Արդյունքում վիճաբանություն էր առաջացել, որի ընթացքում, «Շանթի» օպերատորի խոսքերով, Վ. Բաղդասարյանը քաշքշել ու ապտակել է իրեն։
Այս մասին պատմող տեսանյութը «Շանթը» եթեր էր հեռարձակել, որի հիման վրա դատախազությունը քրեական գործ է հարուցել Վլադիմիր Բաղդասարյանի դեմ՝ լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար: Իսկ Բաղդասարյանը ոստիկանություն էր դիմել մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը խախտելու հիմքերով, սակայն հաղորդմանը ընթացք չէր տրվել:
Դեռևս անցյալ տարվա հունիս ամսին «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» հոգևոր հովիվը դիմել էր «Շանթ» հեռուստաընկերությանը՝ հերքում պահանջելով: Սակայն Բաղդասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքերով՝ «Շանթը» որևէ կերպ չի արձագանքել: Օգոստոսին արդեն Վլադիմիր Բաղդասարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «Շանթին» հերքել հրապարակված տեղեկատվությունը, որը խախտում է իր անմեղության կանխավարկածը: Հայցվոր կողմը հերքում էր պահանջել, քանի որ դեռ չկա ուժի մեջ մտած դատավճիռ, որը կհաստատի, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է: Սակայն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ հեռուստաընկերությունը գործել է օրենքի շրջանակներում և չի խախտել անմեղության կանխավարկածը:









































