Վաղը՝ հունիսի 14-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցով դատական նիստն ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարության: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ Սուրեն Զոլյանը:
«Դատարանը պետք է գիտակցի, որ ինքն անկախ մարմին է և չպետք է ուղղորդվի որևէ մեկի կողմից: Միաժամանակ, ինձ համար ավելի կարևոր է դատավարության ընթացքը, ոչ թե արդյունքը, քանի որ դրա ընթացքում հասարակությունը բազմաթիվ բացահայտված ապօրինությունների մասին է տեղեկանում»,- ասաց նա:
Բուհի նախկին ռեկտորի խոսքով՝ արդարությունը կվերականգնվի միայն այն ժամանակ, երբ ինքը կրկին կզբաղեցնի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ղեկավարի պաշտոնը: «Գողոնը, այն է՝ իմ նախկին պաշտոնը, թող վերադարձնեն ինձ, ես կիմանամ՝ ինչպես տնօրինել այն»,- ընդգծեց նա:
Հիշեցնելով, որ վարչական դատարանը մերժել է իր հայցը, որում ինքը խնդրում էր չեղյալ համարել 2012թ. ապրիլի 6-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարած խիստ նկատողությունը, Սուրեն Զոլյանը նկատեց. «Գործադիրն ակնհայտ ճնշում է բանեցնում դատարանի վրա: Հստակ արտահայտված դիրքորոշում կա: Ամեն ինչից երևում է, որ ԿԳ նախարարի կամքը վեր է օրենքից, և դատարանը չի ցանկանում հակադրվել նրա կարծիքին: Գործադիր մարմինը արդարադատության և իրավունքի վերաբերյալ այնքան էլ լավ պատկերացում չունի, և օրենքին հետևելու փոխարեն դատարանը գերադասում է դեմ չգնալ նախարարին»,- ասաց նա՝ հավելելով, որ իր պահանջը մտադիր է վիճարկել Վճռաբեկ դատարանում, այնուհետև` անհաջողության մատնվելու դեպքում, Սահմանադրական և Մարդու իրավունքների եվրոպական դատարաններում:
Նախկին ռեկտորի խոսքով՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, աշխատանքից իրեն ազատելով, գերազանցել է սեփական իրավասությունները: «Նա ինձ ռեկտորի պաշտոնից պետք է հեռացներ նույն կարգով, ինչ նշանակել էր, այն է՝ բուհի խորհրդի և կառավարության որոշմամբ: Բայց ԿԳՆ-ն ասելիք չունի և լռում է ոչ թե ամոթից, այլ ասելիք չունենալու պատճառով»:
Անդրադառնալով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում երեկ տեղի ունեցած ռեկտորի ընտրություններին՝ Սուրեն Զոլյանը նշեց, որ դա Արմեն Աշոտյանի հակաօրինական գործողությունների շարունակությունն է, ապօրինության շղթայի մի օղակ:
«ՀՀ վարչապետը, Գայանե Գասպարյանին հաստատելով նոր ռեկտորի պաշտոնում, փաստորեն մասնակից կդառնա ապօրինությանը»,- նշեց Սուրեն Զոլյանը՝ տեղեկացնելով նաև, որ ռեկտոր ընտրվելուց հետո Գայանե Գասպարյանն իրեն տրամադրված Զոլյանի աշխատասենյակում խունկ է վառել ու չար հոգիներ քշելու ծիսակարգ իրականացրել:
Ամփոփելով՝ բուհի նախկին ռեկտորը տեղեկացրեց, որ իր հանդեպ կիրառված ապօրինի հրամանը և համալսարանական ոչ բարենպաստ մթնոլորտը հիմք են ծառայել ստեղծելու www.unifree.am կայքը, որը կարձագանքի բուհական կրթության ոլորտում պետության և քաղաքացու իրավունքների ոտնահարման բոլոր դրսևորումներին:
«Միայն Աշոտյանի հետ բանավիճելը կառուցողական չենք համարում և նախարարության ապօրինությունների մասին խոսելու ենք նաև կայքի միջոցով»,- ամփոփեց Սուրեն Զոլյանը:










































